Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ, ՊԲ-ն ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: ՊԲ-ից հայտնում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:

«ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:

Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,-նշված է Պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ