Ադրբեջանին զենք վաճառած երկրները նույնպես պատասխանատվություն են կրում խաղաղ բնակչությանը թիրախավորելու հարցում. Արցախի ՄԻՊ

«Իմ հորդորն ու պահանջն է միջազգային հանրության այն անդամներին, որոնք զենք են վաճառել և վաճառում Ադրբեջանին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց վաճառած զենքերի զգալի մասը դիտավորյալ ու չտարբերակված կերպով կիրառվում է նաև քաղաքացիական բնակչության հանդեպ: Հետևաբար այս երկրները նույնպես կրում են պատասխանատվություն այստեղ տեղի ունեցող պատերազմական գործողությունների նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ երկրները պետք է հետևողական լինեն ու զենք չվաճառեն այնպիսի պետությունների, որոնք այդ զենքերը կիրառում են խաղաղ բնակչության նկատմամբ:

Արցախի ՄԻՊ-ն ասել է, որ կան բազմաթիվ ապացույցներ իսրայելական, ռումինական, գերմանական, ռուսական, բելառուսական ու թուրքական արտադրության զենքերի կիրառության մասով:

«Այս իսրայելական դրոնի մի մասն արտադրվել է, օրինակ, Ռումինիայում, և Ռումինիան հետևաբար կրում է պատասխանատվություն, քանի որ իրենք չեն կարողանում վերահսկել, թե իրենց արտադրած պահեստամասը հետո ում դեմ է կիրառվում: Ունենք նաև ապացույցներ, որ Գերմանիայում արտադրված պահեստամասեր են կիրառվել անօդաչու սարքերի վրա, որոնք կիրառվել են նաև քաղաքացիական բնակչության դեմ, այն դեպքում, որ դա գերմանական օրենսդրությունն էլ է արգելում»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ ուսումնասիրություն են կատարում և ուսումնասիրությունն ապացույցներով շուտով կներկայացվի:

Արտակ Բեգլարյանն իր հետ ասուլիսի է բերել հենց Ստեփանակերտի ուղղությամբ կիրառված հրթիռների մնացորդները: Բերվել են նաև ԱԹՍ-ների մնացորդները։

Բեգլարյանն ասել է, որ միջազգային հանրությունը հրատապ անելիք ունի այս հարցում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այսօր ՀՀ առողջապահական համակարգը չի կարողանում ինչպես հարկն է սպասարկել նոր կորոնավիրուսի վարակակիրներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ