«Չենք կարող թույլ տալ, որ մեր սպառազինությունն Ադրբեջանն օգտագործի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի դեմ». Սենատոր Ջեք Ռիդ

ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Ջեք Ռիդը կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարությանը վստահ լինել, որ իր զենքն Ադրբեջանի կողմից չի օգտագործվում Հայաստանի և Արցախի դեմ հարձակումներում:

«Մենք պետք է վճռական դիրքորոշում ունենանք: Մենք պետք է պնդենք, որ խաղաղություն և հրադադար հաստատվի, այնուհետև աշխատենք Հայաստանն ուժեղացնելու ուղղությամբ, ինչպես նաև ընդունենք, որ չենք կարող թույլ տալ, որ մեր սարքավորումները՝ մեր ռազմական սպառազինությունն ադրբեջանցիների կողմից օգտագործվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի դեմ անհիմն հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է սենատորն ուրբաթ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ