Չավուշօղլուի ցինիզմը. Թուրքիան կհասնի՞ Պուտին-Էրդողան շփման

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դիմել է նրան Հայաստանին հրադադարի մասին հիշեցնելու համար: Սա, իհարկե, կլիներ ծիծաղելի, եթե խոսքը չվերաբերեր թուրքական ցինիզմին, որը տեղի է ունենում նույն Թուրքիայի սանձազերծած պատերազմի պայմաններում, որը բերել է մեծ արյունահեղության ու վտանգների, որը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակչությանը:

Տեղեկությունը, սակայն, հատկանշական է մեկ այլ առումով: Տվյալ պարագայում խոսքն այն մասին է, որ տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույց: Սա էական է հրադադարի եռակողմ պայմանավորվածության և այն չհարգելու Բաքվի վարքագծի առումով: Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցը այդ համատեքստում դառնում է տրամաբանական՝ այն իմաստով, որ Մոսկվան խոսում է ոչ թե խամաճիկի, այլ տիրոջ հետ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է խոսում: Նախօրեին Սերգեյ Լավրովը դարձյալ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն պարզվել էր, որ Բաքվի համար դա չունի նշանակություն՝ ամբողջ գիշեր հրթիռակոծվել էր Ստեփանակերտը: Հավանաբար, դրանից հետո Լավրովը որոշել է, որ պետք է խոսել Չավուշօղլուի հետ: Սակայն ի՞նչ խոսել: Աներկբա է, որ Մոսկվայի եռակողմ հրադադարը Անկարայի սրտով չէ, սա պարզ էր Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունից: Թուրքիան ուզում է իր «բաժինը», ինչի համար սանձազերծել է ագրեսիան Արցախի դեմ:

Եռակողմ հայտարարությունն այն մասին էր, որ Թուրքիան չունի բաժին: Ու, քանի որ Անկարան ունի լիակատար ազդեցություն Բաքվի վրա, սադրանքները շարունակվում են: Ավելին, անգամ հարցական է, թե արդյո՞ք ռազմական հրամաններ տրվում են Բաքվի միջնորդությամբ, թե՞ դրանք ուղիղ իմաստով տրվում են հենց Անկարայից՝ առանց ավելորդ ձևականությունների: ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո կփոխվի՞ իրավիճակը, և իրապես կհաստատվի՞ արդյունավետ հրադադար, թե՞ Անկարան նվազագույնը փորձում է հասնել իրավիճակի հարցում Պուտին-Էրդողան շփման, որից ՌԴ նախագահը զերծ է մնում արդեն երկու շաբաթ: Ի վերջո, եթե հրադադարը չի պահպանվում, ապա դա նշանակում է հարված Պուտինի հեղինակությանն ու ազդեցությանը, բուն Ռուսաստանի քաղաքական կշռի խնդրից բացի:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ