Շտապ կարգով ազգայնացնել նախկինների ունեցվածքը, դրանով մեր բանակը զինել արդիական զենքով և պատրաստվել հաջորդ պատերազմին

Սա ընդամենը հումանիտար զինադադար է, այսինքն՝ ժամանակով սահմանափակված է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

Նա հիշեցրեց, որ 1994-95թթ․ զինադադարը անժամկետ էր, և հիմա կա իրավական մեկ խնդիր, որ այդ զինադադարը կողմերից մեկը խախտել է։ «Այսօրվա զինադադարը սահմանափակ ժամանակի համար է նախատեսված և ունի նախապայման, որը հետևյալն է՝ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դեօկուպացիայի մասին։ Ասվում է, որ եթե ադրբեջանական բանակի հզորությունը չբավարարի դեօկուպացիայի համար, թուրքական բանակը ուղղակիորեն կմիջամտի և կազատի օկուպացված տարածքները հայկական տարրից։ Այս հայտարարությունների դիմաց եղել են հայտարարություններ ԵԱՀԿ-ից՝ երրորդ ուժի բացառման մասին, ԵՄ-ից, Կանադայի, ՌԴ-ի, Տորոնտոյի քաղաքապետարանի, Մոնրեալի թաղապատարաններից մեկից, Միլանի քաղաքապետի օգնականի հայտարարությունը, Լոնդոնում կայանատեղիներից մեկի հերթապահի հայտարարությունը, որ անթույլատրելի է երրորդ կողմի մասնակցությունը։ Այսինքն թուրքական բանակի, մահմեդական ծայրահեղականների մասնակցությունը, զինադադարի կոպիտ խախտումը մի կողմից, մյուս կողմից ինչ-որ հայտարարություններ։

Սա նշանակում է, որ հայկական մարտունակ բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է, մեր զինադադարի երաշխավորը։ Հետևաբար, հարկավոր է շտապ կարգով ազգայնացնել նախորդ նախագահների և նրանց հարազատների ունեցվածքը, ազգային ժողովի նախագահների և պատգամավորների և նրանց հարազատների ունեցվածքը, վարչապետների և կառավարության անդամների և հարակից բարեկամների ունեցվածքը, այդ գումարով հայկական բանակը զինել արդիական մարտական զենքով, սպառազինությամբ, զինամթերքով և պատրաստվել հաջորդ պատերազմին, որը կսանձազերծի թուրքական և ծայրահեղական կոալիցիան Հայաստանի դեմ»,-ասաց Ազատ Արշակյանը։

Այս պայմաններում, ըստ Ազատ Արշակյանը, պետք է գումար հայթայթել և նոր զենք զինամթերք ձեռք բերել հայաթափությունից խուսափելու համար. «Դեօկուպացիա նշանակում է էթնիկ զտում։ Ես չեմ կարող ասել, թե այս զինադադար ասվածը որքան կտևի, բայց և ծայրահեղական մահմեդականները և թուրքական իշխանությունը իր բոլոր թևերով, և Ադրբեջանի իշխանությունը իր բոլոր թևերով հայտարարում են, որ իրենք լուրջ են մոտենում դեօկուպացիային և հայաթափությանը։ Իրաքի, Սիրիայի քրիստոնյաների նկատմամբ կատարված հալածանքը ցույց է տալիս, որ սրանք լուրջ են մոտենում այդ գործին։ Փարիզի Աստվածամոր տաճարի հրկիզումը, Սուրբ Սոֆյայի մզկիթ դարձնելը, Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծումը… սպասենք Միլանի և Քյոլնի տաճարների մզկիթացմանը կամ հրկիզմանը»,-ընդգծեց նա։

Ազատ Արշակյանը կարծում է, որ միջազգային արձագանքը համարժեք չի ստեղծված իրավիճակին. «Թուրքիայի մասնակցությունը պետք է բացառվեր, այլապես պետք է Թուրքիայի նկատմամբ կոռեկտության կոչեր և զուսպ սանկցիաներ կիրառվեին։ Ինչպես ՌԴ-ն էր չեզոք, նույնքան չեզոք պետք է լիներ Թուրքիան։ Նրան պետք է պատժամիջոցներով պարտադրեին լինել չեզոք, մինչդեռ միջազգային հանրության հայտարարությունները համարժեք չեն, ասիմետրիկ են»։

Այդուհանդերձ Ազատ Արշակյանը նկատում է, որ այսքան վատ բանի մեջ կա մի կարևոր բան. «Հայկական բանակը դարձավ գործոն։ Իր բարոյապես և ֆիզիկապես հնամաշ զենքով հայ զինվորը իրեն դրսևորեց որպես անձնազոհ և մարտունակ բանակ, սա դրական էր։ Հայ ժողովրդի միակ ձեռքբերումը սա էր, որ աշխարհին և ինքներս մեզ ցույց տվեցինք, որ մենք ունենք գերազանց բանակային անձնակազմ»։

Նյութի աղբյուր ՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ