«Չեմ կասկածում մեր հաղթանակին…». Արցախում վիրավորված լրագրող Վարդան Օնանյանը՝ հիվանդանոցից

Ադրբեջանցիների ստեղծած կեղծ էջերից մեկը լուր էր տարածել, թե լրագրող Վարդան Օնանյանը զոհվել է: Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանն իրականում վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:

«Ինչպես տեսնում եք՝ ողջ եմ, բայց վիրավորված եմ: Մարկ Տվենի ականջը կանչի, որ մի խմբագրատանը նամակ էր գրել, թե իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են, հիմա այդ անուղեղները խիստ չափազանցրել են իմ մահվան մասին լուրերը:

Ունեմ ոտքերի վնասվածքներ, երկարատեւ բուժում է սպասվում, լավ եմ լինելու հաստատ: Կյանքս փրկված է, շնորհակալություն առաջին հերթին իմ մարտական ընկերներին, որոնք բարձունքից ինձ իջեցրել են հասանելի վայր, որտեղից տեղափոխվել եմ հոսպիտալ, ընթացքում էլ բուժակն ինձ առաջին օգնություն է ցույց տվել»,-հիվանդասենյակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց Վարդան Օնանյանը:

Նրա խոսքով, բժշկական միջամտություն է արվել Մարտակերտի հոսպիտալում, ապա այնտեղից տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ վաղ առավոտյան վիրահատվել են ոտքերը: Վարդանը տեղեկացրեց, որ Երեւանից, ԱՄՆ-ից եւ Մոսկվայից բժիշկներ են եկել վիրավորներին օգնելու: Այժմ Վարդան Օնանյանը Էրեբունի բժշկական կենտրոնում է, որտեղ եւս մեկ վիրահատություն է տարել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ