Յուրացման եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները երթով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտից հասան Հանրապետության հրապարակ եւ այտեղ ավարտեցին իրենց բողոքի ակցիան։
«Մենք Հանրապետության հրապարակում հավաքվել ենք որպես պայքարի, միասնության սիմվոլ եւ մեր պայքարի անկասելիությունը ցույց տալու համար»,– ասաց ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը։
Նշենք, որ ցուցարարները վարչապետ Փաշինյանից պահանջում են հանդիպում երեք օրվա ընթացքում։ Մինչև այդ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցույցեր չեն անցկացվի։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։