«Հաղթանակ կերտողը դուք եք»․ ԱՀ նախագահը՝ Հադրութում թշնամու գրոհը կասեցրած զինվորներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ Հադրութում իրավիճակը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է։ Նախագահ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսի հոկտեմբերի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: ՊԲ-ն իրականացրել է ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ