«Հպարտ եմ, որ իմ փոխարեն զինվորը չի ստացել վիրավորումը». դերասան Էրիկ Օհանյանը առաջնագիծ մեկնելու մասին

Մարտարվեստների մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ից, որպես պահեստազորային սպա, կամավոր առաջնագծում էր, հոկտեմբերի 4-ին վիրավորում է ստացել: Դերասանին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում: Tert.am Life-ի հետ զրույցում Էրիկն ասաց, որ տանը ոչ ոք չի իմացել, որ մեկնում է առաջնագիծ:

«Տանն ասացի, որ Արցախ օգնություն եմ տանելու, չգիտեին, որ կռվելու եմ մեկնում: Իմ երկու պապերն էլ արցախցի են, կինս զգում էր, որ մի բան պետք է անեմ: Սկզբնական շրջանում Հայաստանի տարածքում էի, հետո տեսանք, որ այստեղ համեմատաբար հանգիստ է, մեկնեցինք Մարտակերտ»,-ասաց նա:

Էրիկի խոսքով` հոկտեմբերի 4-ին բեկորային վիրավորում է ստացել ականջի ու դեմքի շրջանում:

«Խոջալուում խորհուրդ տվեցին վիրահատությունը Երևանում անցկացնել, քանի որ բեկորը խորն էր: Երևանում վիրահատեցին, վաղը տուն կգնամ, ինձ լավ եմ զգում: Առհասարակ, տեսակով նվնվան չեմ, բայց ձախ աչքս չի փակվում, դիմային նյարդն է վնասվել, բայց դա կարգավորվող խնդիր է։ Քանի որ բեկորը խորն էր, չցանկացան հանել, ասացին, որ անվտանգ է, կատակում եմ, որ տնավորվել է: Մեր առաջնագծի տղաների շնորհիվ ամեն ինչ շատ լավ ավարտվեց: Հպարտ եմ, որ իմ փոխերեն զինվորը չի ստացել վիրավորումը, ավելի լավ է ես, քանի որ իմ կյանքն արդեն ապրել եմ»,-նշեց նա:

Էրիկը վերհիշեց, որ 1995-97 թթ. Շամշադինում է անցկացրել ժամկետային զինծառայությունը։ «Այդ տարիներից էլ մարտական պատրաստվածություն ունեմ, ինքս էլ մարտարվեստների մարզիչ եմ, չէի կարող տանը նստել, հոգիս կտանջեր ինձ,-ասաց նա և ընդգծեց, որ մեր ժամկետային զինծառայողները բարձր մարտական ոգի ունեն,- Եթե Թուրքիայի աջակցությունը չլիներ, արդեն Բաքվում թեյ կխմեինք: Որքան շուտ կնքվի զինադադարը, այնքան լավ Ադրբեջանի համար: Եթե այս ամենը շարունակվի, կապաքինվեմ ու նորից կմեկնեմ առաջնագիծ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ