Կա՛մ ահաբեկիչները, կա՛մ Արցախի ճանաչումը. ամեն ինչ շատ պարզ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ելիսեյան պալատն ավելի վաղ հայտնել էր, որ եղել է նաև Մակրոն-Ալիև հեռախոսազրույց: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ սերտ կապի մասին: Ըստ ֆրանսիական կողմի՝ այդ ամենի նպատակը կրակի արագ դադարեցման հասնելն է:

Երևանը հայտնել է, որ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցում քննարկվել է նաև Արցախի ինքնորոշման ճանաչման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ պարտադրված ահաբեկչական պատերազմը ուղղակի ցցուն կերպով ցույց տվեց, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող են լինել Արցախի հայության համար Ադրբեջանին որևէ կերպ ենթակա լինելու հիպոթետիկ հեռանկարի պարագայում անգամ:

Ինչպիսի՞ն է այդ հարցում միջազգային դիրքորոշումը: Նախօրեին Հայաստանի վարչապետը ինքնորոշման ճանաչման հարցը քննարկել էր նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Թե՛ Ֆրանսիան, թե՛ Ավստրիան ահաբեկչական պատերազմի հենց մեկնարկից բավականին պարզորոշ են տվել դրա բնութագիրն ու քաղաքական գնահատականը հենց Թուրքիայի սանձազերծման իմաստով: Մյուս կողմից, սակայն, շատ հստակ է, որ լոկ քաղաքական գնահատականներն ի վիճակի չեն խորապես ազդելու իրողությունների վրա: Իսկ դրանք ունեն հենց այդպիսի ազդեցության անհրաժեշտություն: Ի վերջո, հնարավոր չէ խոսել քաղաքական գործընթացի մասին առանց այդ գործընթացի բովանդակային ռեստարտի հեռանկարների և հայեցակարգի:

Աներկբա է, որ նախորդը, որի վրա կառուցված էր, և որը գործնականում իր փակուղայնությամբ բերել է երկու միմյանցից տարբեր, սակայն ողբերգականորեն հարաճուն պատերազմների՝ 2016 ապրիլ և 2020 սեպտեմբեր-հոկտեմբեր, բացի ևս մի նոր պատերազմ «խթանելուց», չի տանելու ոչ մի այլ տեղ: Հետևաբար առաջանում է հարց՝ ինչպես պատերազմը դադարեցնելուց հետո ստեղծել նախադրյալներ քաղաքական նոր գործընթացի համար, որը չդառնա նոր պատերազմի նախադրյալ:

Եվ այստեղ ակնառու է դառնում, որ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը կարող է լինել որոշակի մեկնակետ, որը մի կողմից թվալով բավականին կոշտ քայլ՝ մյուս կողմից, այդուհանդերձ, կստեղծի ռազմական արկածախնդրությունների պարագայում ավելի կոշտ միջամտության հնարավորություն: Առավել ևս, որ կոշտ քայլ կարող է լինել լոկ ահաբեկիչների հանդեպ՝ Թուրքիայի և Բաքվի, որովհետև մնացյալ առումներով ինքնորոշման իրավունքի ճանաչումը ոչ միայն միջազգային իրավունքի տրամաբանությամբ ենթադրվող քայլ է, այլ արդեն նաև միջազգային ահաբեկչության գրոհով պայմանավորված կենսական անվտանգության:

Հետևաբար միջազգային խաղացողները պետք է լուծեն ընդամենը կենսական անվտանգության հարց թե՛ իրենց, թե՛ Արցախի ու Հայաստանի համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ ահաբեկիչներն են հարցեր լուծում իրենց համար:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ