Ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

Երեկ ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Ցավալի լուրը հայտնել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը ֆեյսբուքյան էջում եւ զորակցություն հայտնել Վահե Մելիքսեթյանի ընտանիքին:

Հավելենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել մարդասիրական իրավունքը, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց:

«Ես հակամարտության կողմերին հիշեցնում եմ այն մասին, որ նրանք պետք է հավատարիմ մնան քաղաքացիական անձանց պաշտպանության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան ստանձնած պարտավորություններին, — ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կայքէջում տարածած հաղորդագրության մեջ նշել է Միշել Բաչելետը:

Բաչելետը ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանեն համաչափության սկզբունքը մարտական գործողություններ իրականացնելիս եւ խուսափեն բնակավայրերում զենքերի կիրառումից, որոնք ունի լայն խոցման հնարավորություն:

Նա խորը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:

«Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի», — հայտարարել է նա ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի մասին կոնվենցիան:

Նրա խոսքով ՝ տագնապ է առաջացնում նաեւ այն փաստը, որ մարտական գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

Նա նախազգուշացրել է, որ շարունակվող բռնության պայմաններում կարող է դժվարանալ բնակիչներին բժշկական օգնության հասանելիության ապահովումը:

«Անհրաժեշտ է ապահովել առողջության պահպանման հասանելիությունը, ներառյալ հակամարտությունից տուժածների հոգեբանական աջակցությունը», — ամփոփել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ