«Վստահեցնում եմ՝ չնայած դժվարություններին մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչեւ վերջ»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով բացվեց Երեւանում այսօր առավոտյան մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:

Վարչապետը ողջունեց բոլորին՝ նկատելով, որ ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար:

«Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն եւ երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ շեշտելով, որ այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում՝ ՀՀ վարչապետն ասաց. «Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային եւ հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբեւէ եւ լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչեւ վերջ եւ պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»։

Խոսքի ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց պատվիրակությունների բոլոր անդամներին՝ այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: «Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար»,- ընդգծեց վարչապետը:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը եւ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է ՀՀ-ում Ղրղզստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Նեղ կազմով նիստին հաջորդելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ