Վարչապետներն այս անգամ ժամանեցին Հայաստան. Թուրքիան մտահոգել է բոլորին

Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունենում ԵՏՄ վարչապետների հավաքը, որի առիթով Երևան են ժամանել այդ կառույցի բոլոր երկրների վարչապետները՝ բացառությամբ Ղրղըզստանի, որտեղ, ինչպես հայտնի է, քաղաքական անկայուն վիճակ է:

Երևանում վարչապետների հավաքին ողջունելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է կարևորությունը, որ Արցախում պատերազմի պայմաններում ստանում է Երևան ժամանելու հանգամանքը: Այստեղ իհարկե կա հատկանշական ֆոն՝ կապված ապրիլյան քառօրյայի օրերին համանման իրավիճակի հետ, երբ 2016-ի ապրիլի 8-ին Երևանում պետք է լինել ԵՏՄ վարչապետների հավաք, սակայն ապրիլի 7-ին, ընդ որում՝ հրադադարից երկու օր անց, Երևան ժամանեց ՌԴ վարչապետ Մեդվեդևը, որպեսզի հայտնի, որ նպատակահարմար են համարում Ադրբեջանին չնեղացնելու համար չեղարկել երևանյան հավաքը: Ավելորդ է ասել, թե ինչ է դա նշանակում մի պարագայում, երբ ԵՏՄ ոչ անդամ Ադրբեջանը հարձակվել էր ԵՏՄ անդամ Հայաստանի վրա՝ դե ֆակտո:

2020 թվականին ԵՏՄ վարչապետների հավաքը չի չեղարկվում, թեև գործ ունենք դեռևս շարունակվող պատերազմի և, ընդ որում, առավել մասշտաբային ահաբեկչական գրոհի հետ, որ սանձազերծել է Բաքուն Թուրքիայի հրահրումով: Բայց թերևս նաև հենց այստեղ է առանցքային տարբերությունը 2016-ի և 2020-ի միջև, բացի իհարկե նրանից, որ Հայաստանը ներկայումս քաղաքականապես որակական այլ հարթության վրա է՝ լեգիտիմ իշխանության բերումով:

Բանն այն է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծման «առաջին ջութակը» Թուրքիան չէր: Մոսկվան ու Անկարան այն ժամանակ առնվազն նվագում էին հավասարապես, ինչն էլ նաև ԵՏՄ վարչապետների հավաքը չեղարկելու առանցքային մոտիվներից մեկն էր: Ներկայումս Մոսկվան «նվագել» ըստ էության սկսել է միայն պատերազմի սանձազերծումից 11 օր անց, ինչը նշանակում է, որ այս անգամ նվագը Թուրքիայի հետ «ունիսոն» չէ: Եվ դա իհարկե ողջունելի է: Ամբողջ հարցը այն է, որ Երևանը պետք է թույլ չտա, որ այն դառնա «ունիսոն»: Պատերազմի առաջին տասնօրյակում դա թույլ չտվեց հայկական բանակը, այժմ բանակին զուգահեռ խնդիրը քաղաքական-դիվանագիտական դաշտում է, որտեղ կարծես թե սկսում է որոշակի նոր փուլ՝ քննարկումների իմաստով:

Զուգահեռ խոսվում է այն մասին, որ դա կարող է բերել կրակի դադարեցման: Կարող է, անշուշտ, թեև պարզ չէ, թե որքան հաստատուն: Այդուհանդերձ, հայկական բանակը ստեղծել է դիվանագիտական ամրության պաշարը, որի վրա է նաև կառուցվել դիվանագիտության առաջին հաջողությունը՝ սանձազերծած պատերազմի ահաբեկչական բնույթի դե ֆակտո արձանագրումը:

Միևնույն ժամանակ, հանգամանքը, որ ԵՏՄ վարչապետները այս անգամ միահամուռ ժամանեցին Հայաստան, գործնականում վկայում է նաև, որ թուրքական արկածախնդրությունը նրանց մոտ ևս առաջացրել է անհանգստություն, և այդ իմաստով ձևավորվում է ԵՏՄ որոշակի ընդհանուր հող:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ