«Վստահեցնում եմ՝ չնայած դժվարություններին մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչեւ վերջ…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով բացվեց Երեւանում այսօր առավոտյան մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:

Վարչապետը ողջունեց բոլորին՝ նկատելով, որ ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար:

«Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն եւ երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ շեշտելով, որ այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում՝ ՀՀ վարչապետն ասաց. «Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային եւ հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբեւէ եւ լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչեւ վերջ եւ պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»։

Խոսքի ավարտին ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց պատվիրակությունների բոլոր անդամներին՝ այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: «Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար»,- ընդգծեց վարչապետը:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը եւ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է ՀՀ-ում Ղրղզստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Նեղ կազմով նիստին հաջորդելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը։

Մեր ազգը համախմբված է՝ ինչպես երբեք. վարչապետի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Մեր ազգը համախմբված է՝ ինչպես երբեք. վարչապետի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Friday, 9 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ