ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրել: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից մեկնաբանեց, թե ինչն է եղել այս որոշման հիմքում:
«Ընդդիմությունը նախկինում թեկնածու առաջադրելով լուծել է երկու խնդիր՝ իր ձայնը իշխանության թեկնածուին չտալու և իշխանության հետ դեբատներ իրականացնելու»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այսօր նման խնդիր իրենք՝ որպես ընդդիմություն, իրենց առջև չեն դնում:
Մարուքյանի խոսքով` հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է, բայց իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն և ԱԺ նախագահից պահանջելու են հավասարություն բոլորի համար և անարդարությունները մերժելու դիրքորոշում:
«ԱԺ նախագահի դերը ես շատ եմ կարևորում : ԱԺ նախագահը պետք է վեր կանգնի իր քաղաքական դիրքորոշումից ու լինի բոլորի նախագահը։ Մենք վստահ շատ լավ ենք ճանաչում Արարատ Միրզոյանին, շատ ավելի լավ, քան ձեր շարքերում նստած շատ մարդիկ:
Մենք միասին ճանապարհ ենք անցել ու վստահ ենք, որ մարդիկ չպիտի փոխվեն տարբեր պաշտոններ ստանձնելու արդյունքում»,- ասաց Մարուքյանը՝ հայտարարելով, որ «Լուսավոր Հայաստանը» միաձայն քվեարկելու է Միրզոյանի օգտին: