Իռլանդիայի հայերը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու խնդրագիր են ներկայացրել խորհրդարանին

Իռլանդիայի հայ համայնքը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և նրան սատարող Թուրքիայի կողմից հակամարտությունում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը դատապարտելու խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այս մասին ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Իռլանդիայի հայ համայնքը խնդրագիրը փոխանցել է Իռլանդիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներին խորհրդարանի շենքի դիմաց իրականացված բազմամարդ խաղաղ ցույցի ընթացում:

Հավաքի մասնակիցները եղել են Հայաստանի և Արցախի դրոշներով և Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող պաստառներով: Նրանք կատարել են հայրենասիրական երգեր ու վանկարկել` «Էրդողան` ահաբեկիչ» և «Ալիև` ահաբեկիչ»:

Հայ համայնքի անդամները խնդրագրով կոչ են արել դատապարտել Ադրբեջանին` ագրեսիայի համար, իսկ Թուրքիային՝ ռազմական ուժի կիրառման և Սիրիայից Ադրբեջան ջիհադիստական խմբավորումների տեղափոխման ճանապարհով հակամարտությանը ակտիվ մասնակցության համար:

Ավելի քան 1300 մարդ, հիմնականում իռլանդացիները, ստորագրել են խնդրագիրը մեկ օրվա ընթացքում:

Պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում համայնքի անդամներն ընդգծել են, որ նրանց չի գոհացնում Իռլանդիայի ԱԳ նախարարի խաղաղության կոչը, քանի որ այն ուղղված է երկու կողմերին էլ: Նրանք նշել են, որ ժամանակն է ամեն ինչ կոչել իր անուններով, իսկ ագրեսորին դատապարտել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ