Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի քաղաքացիական 22 զոհ և 95 վիրավոր


Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի քաղաքացիական բնակչության շրջանում 22 զոհ և 95 վիրավոր: Տվյալներն ամփոփ ներկայացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում և Արցախում վնասվել է քաղաքացիական 5800 գույք, շենք և շինություն:

Զոհված 22 անձանցից 20-ն Արցախից են, 2-ը Հայաստանից, իսկ վիրավոր 95 բնակիչներից Արցախից են 93-ը, երկուսը` Հայաստանից:

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգության հետևանքով զոհված բնակիչներից մեկը Վարդենիսից է, մյուսը` Մեծ Մասրիկից:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կորուստների վերաբերյալ մանրամասներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 8-ին հակառակորդը հարվածներ է հասցրել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ