Կանադան կասեցրել է ԱԹՍ-ների մասերի վաճառքը Թուրքիային

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ կասեցնում են Թուրքիային արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Այս մասին Շամպանը հայտնել է իր թվիթերում:

«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին եւ շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է նա:

Կանադայի Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, կանադական եւ հայկական հասարակական կազմակերպությունները հայտնել են, որ ադրբեջանական կողմում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի նպատակային նշանակման համակարգը արտադրվել է Կանադայում՝ 3Harris Wescam-ի կողմից եւ այժմ կիրառվում է սահմանին՝ հայերի դեմ:

Պարզվում է, որ համակարգը մատակարարվել է թուրքական անօդաչու սարքեր արտադրող Baykar- ին, դեռ սեպտեմբերին այս մասին հայտնել էր Project Plowshares զենքի վերահսկման կազմակերպությունը, իսկ ուրբաթ օրը աղբյուրը հաստատել է կանադական Globe and Mail թերթին: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա հոկտեմբերին Կանադան արգելեց ռազմական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա ՝ ի պատասխան Սիրիայում քրդական ապստամբների կողմից վերահսկվող տարածքներ թուրքական ռազմական ներխուժման: Այնուամենայնիվ, այս տարվա մայիսին արգելքը հանվեց, ամեն դեպքում՝ կոնկրետ այս ընկերության համար:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ այդ համակարգով թուրքական անօդաչու թռչող սարքերն այնուհետ Թուրքիան մատակարարել է Ադրբեջանին:պարզվել է, կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են «հատուկ եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքացիական օբյեկտների որոնման, եւ՛ թիրախավորման համար»:

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ