ՄԻԵԴ-ը բավարարել է Սմբատ Այվազյանի ու Գագիկ Ջհանգիրյանի գանգատները. Ջհանգիրյանը 16 հազար եվրո փոխհատուցումը կփոխանցի Համահայկական հիմնադրամին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Երկուսն էլ 2008թ․ մարտյան իրադարձություններից հետո ներկայացված քաղբանտարկյալների գործերով։ Վճիռներից մեկը վերաբերում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործին, որով ճանաչել է Կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 11-րդ հոդվածների խախտումներ (Հավաքների ազատություն)։ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտումներն էլ Եվրոպական դատարանը քննության առարկա չի դարձրել։ Իսկ երկրորդ վճիռը վերաբերում է Սմբատ Այվազյանի գործին, որով էլ ճանաչվել են Կոնվենցիայի 5, 6 և 11-րդ հոդվածների խախտումներ:

Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ վճիռն իրեն ամբողջությամբ բավարարում է, թեև ամբողջապես դեռ չի ծանոթացել, քանի որ սպասում են վճռի թարգմանությանը։

Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ ՄԻԵԴ-ը սահմանել է նաև փոխհատուցում 14 հազար եվրոյի չափով և ևս 2 հազար եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցում։ Ջհանգիրյանը նաև ասաց, որ ՄԻԵԴ վճռով սահմանված ամբողջ փոխհատուցումը փոխանցելու է Հայաստանի համահայկական հիմնադրամին՝ «Մենք ենք մեր սահմանները» ծրագրին։ «Այդ գումարով էլ ես իմ մասնակցությունը կունենամ մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»,- ասաց Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ մինչ ՄԻԵԴ այս վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացրել էր Գագիկ Ջհանգիրյանին։ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչել նրա անմեղությունը և արդարացրել նրան՝ քրեական գործի վարույթը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը և նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։ «Ես դեռևս Վճռաբեկ դատարանում կայացած նիստի ժամանակ հայտարարեցի, որ ես պատրաստ եմ հրաժարվել ՀՀ դեմ ներկայացված հայցից և ստացվող փոխհատուցումից, բայց, քանի որ արդեն գործը մտել էր վճռահատության փուլ, իմ դիմումը որևէ արձագանքի չարժանացավ։ Եվ քանի որ վճռով ճանաչվեցին բոլոր կոնվենցիոն խախտումները, ուստի, ես հավատարիմ մնալով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նիստում տված իմ խոստման, ես ամբողջ գումարը ստանալուն պես անմիջապես փոխանցելու եմ Համահայկական հիմնադրամին»,- ասաց Ջհանգիրյանը։

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ փոխհատուցման նույն չափն է սահմանվել նաև Սմբատ Այվազյանի գործով։ Այս գործով ավելի շատ խախտումներ են ճանաչվել ՄԻԵԴ-ի կողմից։

Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ