Ամերիկացի լրագրողն արբանյակային լուսնակարներ է հրապարակել, որոնցում պատկերված են Գանջայի օդանավակայանում գտնվող թուրքական F-16 կործանիչները

New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը արբանյակային լոսւանկարներ է հրապարակել, որոնք ստացվել են հոկտեմբերի 3-ին Planetlabs խոշորագույն արբանյակային ցանցի կողմից: Ըստ Տրիբերտի՝ լուսանկարում պատկերված են Գանջայի օդանավակայանում տեղակայված առնվազն 2 F-16 կործանիչներ:

«Կործանիչները, կարծես թե, գործարկվում են Թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար օդանավերի հետ միասին: Մենք համեմատել ենք դրանց չափսերն ու վիզուալ բնութագրիչները (թևերի տեսքը, գույնը և այլն) ադրբեջանական օդուժին պատկանող ինքնաթիռների տեսականու հետ (ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39): Թուրքական F-16-ներն ամենից շատ են համընկնում»,- գրել է լրագրողը լուսանկարներին կից:

«F-16-երի առկայությունն ապացուցում է խոշորագույն ուժի՝ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությանը: Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի վարձկաններն արդեն իսկ կռվում են ադրբեջանական զորքերի կողքին»,- հավելել է Տրիբերտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3710-3730 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ