Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած 5 երեխաներից 4-ը դեռ բուժվում են

Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժում են նաեւ քաղաքացիական անձինք, երեխաներ. բազմիցս նշվել է, որ թշնամին թիրախավորում է նաեւ քաղաքացիական օբյեկտները:

Արցախի Հանրապետության «Արեւիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն ունենք 5 վիրավոր երեխա: Նրանցից 2-ի վիճակը թեթեւ է, 2-ինը՝ ծանր, 1 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մելքումյանը տարիքային շեմը մոտավոր նշեց. երեխաները 2.5-ից մինչեւ 16 տարեկան են: Նրանք բոլորը տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ:

Հայաստանում գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում այս պահին գտնվում է 4 վիրավոր երեխա: Ինչպես փոխանցեց ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը, եւս մեկը ստացել է ամբուլատոր հետազոտություն եւ արդեն տուն է գնացել:

4 երեխաներից 3-ի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկի վիճակն այժմ ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան ունի համակցված վնասվածքներ: Տուժած երեխաների վերաբերյալ այլ մանրամանսեր Դերձյանը չհայտնեց:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հիվանդանոցում են գտնվում օրեր առաջ ծննդաբերած 3 մայրիկներ՝ իրենց նորածին երեխաների հետ: Նրանք միառաժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ