ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ:)
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին:»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն:
Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ: