ՌԴ-ում բնակվող դամալացիները 45 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղը ևս միացել է Արցախի աջակցության դրամահավաքին: Գյուղից դուրս բնակվող երիտասարդների ու ավագների կողմից մոտ 45 հազար դոլար է հավաքվել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Այսօր առաջին փուլն ավարտել են, գումարը փոխանցված է Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին: 11 հազար լարի էլ հիմնադրամին փոխանցվել է Դամալայի բնակիչների կողմից: Ծնունդով Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանը, որ նույնպես իր ներդրումն է ունեցել, «Ալիքի» հետ զրույցում ասում է, որ այս պահին միասնական լինելը բոլորի պարտքն է.

«Սա մեր հայրենիքն է, չեղավ Արցախ, չի լինի լիարժեք Հայաստան, Ջավախք, ու հենց մեր փոքրիկ Դամալան: Մեր փոքրիկ Հայաստանն ու Արցախը մեր մեծ հայրենիքն են: Այսօր իմ որդին ևս զորակոչվել է։ Իմ կոչն է աշխարհի հայերին՝ անկախ նրանից, որտեղ են ապրում ու ինչով են զբաղվում, այսօր անեն հնարավորն ու անհնարինը` հայրենիքի փրկության հարցում: Մենք մեզ ենք փրկում, մեր ընտանիքները, մեր հարազատներին»:

Հայաբնակ Դամալան
Մինաս Հակոբյանն ասում է, որ դրամահավաքին միացածների շարքերում կան նաև մարդիկ, որոնք բանկերից վարկեր են վերցրել` հիմնադրամին փոխանցելու համար: Դրամահավաքը շարունակվում է նաև հիմա: Կազմակերպիչներից տեղեկացանք, որ մեկ ժամվա ընթացքում մոտ 15 հազար դոլար արդեն հավաքվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ