Հենրիխ Մխիթարյանը նամակով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, միջազգային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով միջամտել և կանգնեցնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են ագրեսորների դեմ, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդի ապրելու իրավունքը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը:

Մխիթարյանը շեշտել է, որ ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին ուժերի միջամտությամբ, ինչը սպառնալիք է ներկայացնում նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության անվտանգության համար, իսկ Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ:

«Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և, նախևառաջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ խնդրում եմ ձեր միջամտությունը և կոչը Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել այդ ավերիչ պատերազմը: Առաջնագծում երիտասարդը զոհվում է կամ անվերադարձ վիրավորվում՝ ապագայում իր երկրի պետականաշինությանը մասնակցելու փոխարեն։ Ի խորոց սրտի խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը` մարդկային այս ողբերգությունը դադարեցնելու և կողմերին խաղաղ բանակցությունների վերադարձնելու համար»,- նշել է Մխիթարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ