Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, գրում է Times of India-ն։

Թերթն ընդգծում է, որ «թեև Անկարան զայրացրել է Արևմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ հիմա Լեռնային Ղարաբաղում Թուրքիան և Ռուսաստանը միանգամայն տարբեր կողմերին են օգնում միևնույն պատերազմների շրջանակում»։

«Թուրքիայի ֆինանսական համակարգն այժմ խորը ճգնաժամի մեջ է, բայց ֆինանսական համակարգի բարելավման մեթոդներ փնտրելու փոխարեն, Էրդողանը փորձում է լայն հանրությանը շեղել այդ խնդիրներից»,- գրում է թերթը։

Ինչպես նշում է թերթը, «Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանների պաշտպան, իսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ որպես սուրը ձեռքին մեծ ռազմիկ, որը մահմեդական ադրբեջանցիներին պաշտպանում է քրիստոնյա հայերի դեմ դիմակայությունում», մինչդեռ փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ