Ասադը հաստատել է, որ Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և Դամասկոսը կարող է դա հաստատել:

«Մենք միանգամայն կարող ենք հաստատել դա, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա ցուցումները»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռվող խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ