Արցախում գալիք տարի «բեյբի բում» է լինելու. արցախցի երկու նորածիններ հիվանդանոցից դուրս գրվեցին

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի ծննդատանից այսօր՝ հոկտեմբերի 5–ին դուրս գրվեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում իրենց տունը թողած և Երևան տեղափոխված երկու ծննդկաններ՝ Էլադա Կարապետյանը և Գայանե Պողոսյանը՝ իրենց նորածինների՝ Արթուրի և Արիանայի հետ։

«Այսօր դուրս ենք գրում արցախցի մեր երկու բալիկներին։ Մայրիկների և նորածինների վիճակը շատ լավ է։ Ամեն բան հարթ է անցել։ Մենք լիահույս ենք, որ այս ամենը կավարտվի մեր հաղթանակով, և մեր արցախցի բալիկները կծնվեն Արցախում։ Մոտ օրերս Արցախից ևս մեկ ծնունդ է սպասվում։ Կինը լույս աշխարհ է բերելու իր յոթերորդ զավակին։ Հաշվի առնելով, թե հիմա Արցախից մեզ ինչքան ծննդկաններ են դիմում, վստահաբար կարող եմ ասել՝ Արցախում գալիք տարի «բեյբի բում» է լինելու։ Բոլոր ծննդկանների մասին հոգ ենք տանում, հետազոտությունները կատարվում են անվճար։ Սա էլ մեր՝ բժիշկներիս ճակատամարտն է․ թիկունքը պետք է ամուր պահենք»,- նշեց ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանը։

Արիանայի մայրիկը՝ Գայանե Պողոսյանը, պատմեց, որ Հայաստան են եկել սեպտեմբերի 27-ին Մարտունուց, ժամանակավորապես բնակվում են Մասիսում. «Ամուսինս հիմա դիրքերում է։ Նորածին դստերս անվանել եմ Արիանա՝ երեխաներիս ցանկությամբ։ Փորձում եմ վիճակը երեխաներիս հնարավորինս մեղմ ներկայացնել։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնանք Արցախ, և երեխաներս կմեծանան խաղաղ երկնքի տակ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ