Կարևոր զգուշացում․ ՀՀ ԱԱԾ-ն ռազմական լրտեսության կասկածանքով բերման է ենթարկել օտարերկրյա քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:

Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ