Կարեն Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ․ ՊԲ

Պաշտպանության բանակը Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ է ներկայացրել։

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման­ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ