Իսլամիստ ահաբեկիչները պատերազմից հետո մնալու են այստեղ ու պատուհաս դառնան ողջ տարածաշրջանի համար. նրանց դեմ պայքարելու ավելի լավ առիթ չկա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը փաստեր ունի, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին Թուրքիայից ժամանած սիրիացի իսլամիստների մասնակցության մասին: «Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Այնթապով տեղափոխվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (դա հաստատված է, այդ մարդկանց նույնականացնում և հետևում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված Ռուսաստանում) ահաբեկչական կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները»,- ասել է Մակրոնը:

Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը պատերազմի ավարտից հետո։ Բնականաբար, նրանց հետ չեն ուղարկելու։ Հնարավոր է՝ նրանք գնան Հարավային Ռուսաստանի մահմեդական բնակավայրեր և պատուհաս դառնան առաջին հերթին հենց Ռուսաստանի անվտանգության համար Հյուսիսային Կովկասում, որն ամենազգայունն է։ Վնասների մի մեծ բաժին էլ կարող է հասնել նաև Վրաստանին։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ ելնելով Հայաստանին վնասելու քաղաքականությունից Թուրքիան իսլամիստներին բերել լցրել է տարածաշրջան, որոնք անկասկած պատուհաս են դառնալու տարածաշրջանային բոլոր պետությունների համար նաև պատերազմի ավարտից հետո: «Նրանք Թուրքիայի հոգևոր զավակներն են։ Մուսուլմանական տեռորիստական շարժման ստեղծման ակունքներում Թուրքիան է։ Իդլիբն այդպես էլ մնացել Թուրքիայի ձեռքը, Ռուսաստանի ու Իրանի հետ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի ու խախտեցին բոլոր պայմանավորվածությունները, որ կային Ժնևում, դրանից հետո՝ Աստանայում ու Սոչիում։ Ինչ որ հիմա Թուրքիան անում է՝ առաջին հերթին պետք է Ռուսաստանի առաջ պատասխան տա, չէ՞ որ կար պայմանավորվածություն, որ դրանց հարցը պետք է լուծվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այստեղ կատարվում է միջազգային իրավունքի գոյություն ունեցող գրված ու չգրված օրենքների ու կանոնների խախտում. «Այդ ռազմական կոնտինգենտը բնակչության դեմ օգտագործելը մարդկության դեմ ուղղված մեծ հանցագործություն է։ Դա այն կազմակերպությունն է, որը համարվում է օրենքից դուրս բոլոր պետություններում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում։ Հիմա, երբ նրանք եկան այստեղ, մի կողմից՝ Հայաստանի համար նոր բեռ է, բայց նաև բարձրացնում է Հայաստանի ու Արցախի վարկանիշը, որ մեզ վրա վերցրել ենք այդ ուժերի դեմ պայքարելու առաքելությունը։ Այն, ինչ պետք է կատարվեր քաղաքակիրթ պետությունների կողմից։ Երկրորդ՝ սա մեծ ռիսկ է պարունակում, որովհետև սա այն հանցագործների կոնտինգենտն է, որ այստեղ ոչ հեշտ ու հանգիստ կմնան, ոչ էլ հանգիստ կապրեն։ Կարծում եմ, որ սա ոչ մի լավ բանով չի վերջանա»։

Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ նրանք կդառնան պատուհաս Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի համար, իրենց շոշափուկները կտարածեն այլ երկրներում. «Շատ վտանգավոր խաղ են խաղում։ Միացյալ Նահանգները իր համար մեկ խնդիրն է համարում պայքարել ահաբեկիչների դեմ, խնդրեմ, սրանից ավելի լավ առի՞թ»։

Խոսելով բանակցային սեղանին վերադառնալու կոչերի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Քանի որ պատերազմող կողմերում գոյություն ունեն ահաբեկչական խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում ոչ մի կարգուկանոնի, հնարավոր չի նստել բանակցությունների սեղանին։ Նախ իրենց պետք է լռեցնել, մաքրել այստեղից, նոր նստել բանակցային սեղանի շուրջ։ Իսկ բանակցային գործընթացի շուրջ ես իմ տեսլականն ունեմ՝ կարող է ռեալ չէ, բայց իմաստ կա։ Ո՞վ է մեր դեմ կռվում հիմա՝ Թուրքիան, բացի այդ, Ալիևը բացարձակապես իրենից ոչինչ չի ներկայացնում, ոչ ոք նրան բանի տեղ չի դնի հենց թուրքական կողմից։ Մի համարձակ առաջարկ ունեմ՝ թող մեզ հետ բանակցությունների սեղանին նստեն թուրքերը, ասեն՝ ինչ են ուզում, սկսենք 1915 թվականից՝ իրենք ինչ են ուզում մեզանից։ Եվ անպայմանորեն սեղանի շուրջ պետք է նստի նաև Արցախը, Ադրբեջանը կլինի, թե ոչ՝ իրենց գործն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ