Հարցը լուծվելու է ռազմաճակատում, թշնամուն արնաքամ անելու միջոցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կրկնում են իրենց կոչը հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները և վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները և շփման գծից դուրս հարվածները Հայաստանի և Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ համանախագահներն ասում են այն, ինչ ասել են 1994 թվականից ի վեր։ Հարցը լուծվելու է ռազմաճակատում՝ հակառակորդին արնաքամ անելու միջոցով.«Միջազգային կառույցներն իրենց հասկացած ձևով իրենց գործն են անում։ Հիմա ռազմաճակատում գերակայության հարցն է դրված, ուրիշ ոչինչ։ Իրենք խոսում են տասնյակ տարիներ, բայց հարցը չի լուծվում։ Մեր խնդիրը հետևյալն է՝ արձանագրել հաղթանակ ու հրադադար այն վայրում, որտեղ Հայաստանի բանակը կանգնած է։ Անընդհատ առաջ, արնաքամ անել թշնամուն մինչև վերջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը նշեց՝ բոլոր հայտարարությունները երկրորդական են, դրանք օժանդակ միջոցներ են.«Հարցը լուծվում է սպայի վարպետությամբ, զինվորի հրթիռով ու ստրատեգիական լուծումներով։Մենք պետք է գրոհենք համաշխարհային լրատվամիջոցները, օնլայն տարածքը, թուրքը կանգնած է Վիեննայի պատերի տակ։Արտգործնախարարությունը, մեր դիվանագետները թող իրենց գործն անեն, Մինսկի խումբն էլ թող իր հայտարարություններն անի, վերջում բոլորը ընդունելու են այն հրադադարը, որը մենք կպարտադրենք։Այսօր քննարկումներ չկան, կա զինվորականների աշխատանք, մնացած ամեն ինչ երկրոդական է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ