«Իսկանդերը» պետք է կիրառել պատերազմի ամենավճռական փուլում. հայ վերլուծաբան

Երեկ՝ կեսգիշերին, ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել էր չորս ԱԹՍ, մեկը՝ Կոտայքի, ևս երեքը՝ Գեղարքունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ դրանք եղել են հետախուզական և Երևանին հարվածելու նպատակ չեն հետապնդել:

«Սա պատերազմական փոքր էպիզոդ է, պատերազմը հիմնված է տեղեկատվության վրա, իսկ ԱԹՍ-ները, հատկապես խորքային հետազոտություն իրականացնելու ունակ տեսակները, բավականին արդյունավետ միջոցներ են հակառակորդի մասին տեղեկություն ստանալու համար: Սա պատերազմական ընթացքի էպիզոդ էր, եկավ և անցավ:

Կրկնում եմ՝ նպատակը եղել է խորքային հետախուզության իրականացումը, ըստ այդմ, ենթադրաբար, թռիչք է իրականացվել Պաշտպանության նախարարության և այլ ռազմական օբյեկտների վրա: Օրինակ, Hermes տիպի հետախուզական խորքային թռչող սարքերն ի վիճակի են Իրանի վրայով թռիչք կատարել և անցնել ծայրից ծայր: Այսինքն, իրենց համար Կուրի ափերից թռչել, պտտվել և Երևանի վրա գալ, կամ թռչել ինչ-որ տեղ և Նախիջևանից պտտվել և Երևանի վրա հետ գալ, ֆիզիկապես դժվարություն չի ներկայացնում: Իսկ ՀՀ ՀՕՊ-ն ապացուցեց, որ կարողանում է դրանց դեմ հաջող պայքար մղել»,- շեշտեց նա:

Տարիներ առաջ վավերացրել ենք ՀՀ և ՌԴ միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածքը:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ դեռևս ժամանակ կա, և ռուսական կողմը դեռ կարձագանքի:

«Մենք այս պահին դեռ չգիտենք, թե ՀՕՊ ինչ միջոց է գործել և ինչ կերպ: Եվ քանի որ մենք ունենք ՀՕՊ միասնական համակարգ, ապա ՌԴ-ի ներկայությունն արդեն իսկ այստեղ ենթադրվում է: Ուզում եմ նշել, որ ՀՕՊ-ը քարե պատ չէ, և եթե դու ունես ՀՕՊ, դա ամենևին չի նշանակում, թե քո օդային տարածքում հակառակորդի ոչ մի միջոց, մասնավորապես, ԱԹՍ չի մտնի»,- շեշտեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ