Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Հայստանը որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասաց նա։

Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։ Հայ–իսրայելական հարաբերություններն ակտիվ զարգանում էին 2017-2018 թվականներին «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում հաջողվել էր ուղիղ չվերթեր բացել, կապեր հաստատել երկու երկրների իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

2017 թվականի հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) և Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ