Հայաստանը շարունակում է խաղաղություն պարտադրել՝ չենթարկվելով «օգնության կոչի» պարտադրանքին

Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է մի քանի էական հայտարարություն: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում խաղաղապահների հարց: Նա հայտարարել է նաև, որ տեղին չէ ռազմական գործողությունների ժամանակ խոսել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով բանակցության մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին, ու ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի՝ Երևանը կապահովի անվտանգությունը:

Դրա հետ մեկտեղ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգային համակարգի բաղկացուցիչ է, և որոշակի իրավիճակում այն պետք է ներգրավվի: Սակայն Փաշինյանը նշել է, թե դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Առանցքային հայտարարություն է թերևս նաև այն, որ Փաշինյանը, անդրադառնալով Պուտինի հետ երկրորդ հեռախոսազրույցին, որ տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին, նշել է, թե չի քննարկել ռազմական փոխօգնության հարց: Հայաստանն ուզում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես այլ հարաբերություն՝ նշել է նա:

Այդպիսով, Հայաստանի վարչապետի պատասխաններից ակնառու է դառնում այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծավալած շերտերից մեկն էլ առնչվում է հայ-ռուսական հարաբերությանը: Հանգամանք, որ ոչ միայն այժմ, այլև ընդհանրապես անցնող տարիներին է եղել ռեգիոնալ անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ինչպես մեր, այնպես էլ մեդիափորձագիտական դաշտի մի շարք այլ մասնակիցների դիտարկումների առարկան:

Անվտանգային ոլորտն ու պատերազմի սպառնալիքը մի կողմից՝ այն խորքային կետն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են կառուցել սերտ և հաստատուն փոխշահավետ հարաբերություն, մյուս կողմից՝ դա այն կետն է, որն ամենից խոցելին է դարձնում այդ հարաբերության կառուցումը հենց առողջ փոխշահեկանության տրամաբանության վրա՝ թույլ տալով այլ ներքին ու արտաքին շահառու խմբերի ենթարկել հարաբերության խորքային հարցը ամենատարբեր ձեռնածությունների, լուծելով խմբային, անձնական հարցեր: Մի բան, որ գործնականում նախորդում էր հայ-ադրբեջանական պատերազմին շաբաթներ և ամիսներ, ի դեպ, նախորդում էր նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին ամիսներ ու տարիներ:

Ակնառու է, որ փորձ է արվում ձևավորել, Հայաստանից ստանալ «օգնության կոչ», այդ օգնությունը նախ՝ Հայաստանի վրա թանկ վաճառելու համար, հետո այն Թուրքիայի հետ առևտրի առարկա դարձնելու համար:

Ռուսական լրատվամիջոցներին վարչապետի հարցազրույցում արված շեշտադրումները բավականին հստակ էին՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխօգնության ռազմավարական անհրաժեշտության և գիտակցման վրա կառուցված հարաբերության կարիք, ինչով կարող են խաղաղություն պարտադրել խորապես ընդհանուր հակառակորդին, այլ ոչ թե պետք է ձեռնածության միջոցներով «օգնության կոչ պարտադրել» Հայաստանին:

Մինչ այդ Հայաստանն իր ուժով շարունակում է Ադրբեջանին և անգամ Թուրքիային խաղաղություն պարտադրելու վճռական համախմբումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ