Մակրոնը քննադատել է Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու անխոհեմ է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած աջակցություն, որ Ադրբեջանը կխնդրի:

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարությունների վրա, որոնք ինձ անխոհեմ և վտանգավոր են թվում»,- ասել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմաշունչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին, ըստ էության՝ Ադրբեջանին ազատելով գործողությունների սահմանափակումներից»:

«Եվ մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին. Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքին: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը կնպաստի սրմանը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ