«Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը…». վարչապետ Փաշինյան:

Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

Փաշինյանի խոսքով՝ իր օրակարգում ներառված է հանրապետության անկախությունը ճանաչելու տարբերակը, իսկ որոշումները կկայացվեն «կախված որոշ գործոններից»:

«Մեր օրակարգում կա այդպիսի տարբերակ: Կա նաև Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման տարբերակ, կա անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հնարավորություն»,-նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին, թեպետ «սերտ աշխատում է» կազմակերպության հետ:

«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական խնդիր է: Շատ դժվար է խոսել այն մասին, թե երբ է կառույցին դիմելու ժամանակը: Մենք սերտ աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»:

Փաշինյանը նաև շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ