Իսլամիստ գրոհայինները՝ Ադրբեջանում

Սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները միջազգային լրատվամիջոցների հիմնական գլխագրերում են: 1lurer.am-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Իզաբել Շատոյանն ընդգծում է, որ հիմնական արձագանքը թե՛ փորձագիտական, թե՛ պետական մակարդակով ավելի շատ համընկնում է հայկական երկու կողմերի հնչեցրած դիրքորոշումներին:

«Իհարկե բացառությամբ աշխարհում մի երկրի՝ Թուրքիայի, որը հանդես է գալիս Ադրբեջանի անվերապահ աջակցությամբ: Մեզ համար նորություն չէ Թուրքիայի նման գործելաոճը, որովհետև Ադրբեջանի կողմից էսկալացիայի գնալու ցանկացած փորձի ժամանակ Թուրքիան մշտապես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական մակարդակներով»,- ասաց Շատոյանը:

Փորձագետն այս հարցում որակական փոփոխություն է նկատում՝ նշելով, որ եթե նախկինում Թուրքիայի աջակցությունը հիմնականում սահմանափակվում էր քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այժմ արդեն խոսքն անմիջական մասնակցության մասին է:

«Մասնավորապես, ադրբեջանցի զինվորների հետ սահմանին այժմ կռվում են թուրք զինվորներ, ռազմական ոլորտի մասնագետներ, հրահանգիչներ, ինչպես նաև խոսքը թուրք զինյալների, գրոհայինների մասին է: Հատկանշական է, որ միջազգային մամուլը հենց այս կետին էլ ուշադրություն է դարձնում: Մինչ ռազմական գործողությունների մեկնարկն էլ միջազգային լրատվամիջոցների հիմնականում թվիթերյան հարթակում քննարկվում էր թուրք գրոհայինների մասնակցությունը, որ Թուրքիան հավաքագրում է գրոհայինների՝ Ադրբեջան տեղափոխելու, Հայաստանի դեմ կռվելու նպատակով, սակայն այժմ միջազգային լրատվամիջոցներն ավելի առարկայական են այս հարցին անդրադառնում, որոշակի ապացույցներ կան, օրինակներ են նշվում»,- ասաց Շատոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Reuters-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ Թուրքիան սիրիացի ապստամբներ է ուղարկում Հայաստանի հետ սրվող հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու, քանի որ Անկարան խոստանում է սատարել իր մուսուլման դաշնակցին: Այդ մասին պատմել են հենց երկու սիրիացի ապստամբներ՝ նշելով, որ իրենց խոստացել են ամսական մոտ 1500 ԱՄՆ դոլար:

Փորձագետն ուշագրավ է համարում, որ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են նաև զինյալների հավաքագրման մեխանիզմներին, երբ, օրինակ՝ գրոհայինները հավաքագրվում են թուրք-սիրիական սահմանին, այնուհետև տեղափոխվում Թուրքիա, դրանից հետո՝ Ադրբեջան: Իսկ թե ինչո՞ւ է միջազգային հանրության համար հատկապես այս գործելաոճը հետաքրքիր, Շատոյանն ասաց. «Դրան նպաստել է վերջին ամիսներին Թուրքիայի ապակառուցողական գործողությունը տարբեր տարածաշրջաններում ՝ սկսած Լիբիայից, Իրաքից, հիմա արդեն Արևելյան Միջերկրածովում: Հիմա արդեն տեսնում ենք, որ Թուրքիան իր ապակառուցողական գործողություններով տեղափոխվել է Հարավային Կովկաս»:

Ըստ նրա՝ միջազգային մամուլի մոնիթորինգից էլ կարող ենք տեսնել՝ հիմնականում փորձագիտական շրջանակները միջազգային հարթակում խոսում են այն մասին, որ Ադրբեջանը առավել շատ դրդապատճառներ ուներ ռազմական գործողությունների դիմելու համար, քան Հայաստանը:

«Այստեղ կցանկանայի հատկապես մեջբերել ղարաբաղյան հակամարտության խնդրով երկար տարիներ զբաղվող փորձագետ Թոմաս դե Վաալի հայտարարությունը, որ Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ուներ դիմելու ռազմական գործողությունների մեկնարկի, քան Հայաստանը, որն անվերապահ աջակցություն է հայտնում ստատուս քվոյի պահպանմանը»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով միջազգային մի շարք պարբերականների անդրադարձին, որոնցում խոսում են Թուրքիայի անմիջական ներգրավման՝ թուրք գրոհայինների մասնակցության մասին, Շատոյանն ընդգծեց՝ այդ թեզի տարածումը հայկական շրջանակների համար շատ կարևոր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ