Սիրիացի գրոհայիններն Ադրբեջանի գյուղերում խառնաշփոթ են ստեղծել, տեղաբնակների հետ բախումներ են եղել

Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինները, որոնք բերվել են ադրբեջանական բանակին օգնելու համար, տեղակայված են սահմանամերձ գյուղերում։ Freeazerbaijan.info կայքի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից ժամանած գրոհայինները սկսել են վատ վերաբերվել գյուղացիներին, սպառնացել են կանանց, նրանց թույլ չեն տալիս առանց հիջաբի դուրս գալ տանից։ Բացի այդ՝ նրանք հարձակվել ու թալանել են գյուղական խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել ու օգտագործել։

Այլ կերպ ասած՝ գյուղերում փորձում են շարիաթի օրենքներ սահմանել։Ըստ լրատվամիջոցի՝ ավելի լուրջ բախումներից խուսափելու համար գործին խառնվել է ռազմական ոստիկանությունը, որն ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը շտկել։

Նշենք, որ այսօր հայկական կողմը տեղեկություն տարածեց, որ ըստ հետախուզության տվյալների՝ Սիրիայից մոտ 4․000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Ճշտված տեղեկություններով՝ գրոհայինների շարքում կա 81 զոհ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ