Մեղրիի համով ձիթապտուղը վաճառվում է մայրաքաղաքի շուկաներում

Սա սալոր չէ, զեյթուն է: Ձիթենյաց այգին Կարեն Կարապետյանինն է՝ Ալվանքի ճանապարհին: 18 տարի առաջ, երբ եղբոր հետ քանդեցին խաղողի իրենց դաշտն ու տեղում Հունաստանից բերած տնկիներ դրեցին, վստահ էին. նուռ ու կառալյոկ քաղցրացնող Մեղրիում եղանակը պետք է որ զեյթունի համար էլ ռիսկային չլինի:

Կարեն Կարապետյան (ֆերմեր) — Պտուղը ցրտադիմացկուն չի, ինքը խնդիր է ունենում, բայց, դե, Մեղրին՝ որպես տաք երկիր, մի քիչ խուսափում Է:

Ցրտի պատճառով ծառերի մի մասը երկու անգամ չորացել է, նորն են տնկել: Դրա համար էլ 6 հա այգուց դեռ մի մասն է բերք տալիս, բայց 15 տոննա այս տարի կհավաքեն՝ ասում է ֆերմերը: Քաղելն է դժվար՝ հատիկ-հատիկ պոկում են: Ընտանիքի աշխատուժը սովորաբար չի հերիքում:

Ալբերտ Կարապետյան — Կողքի գյուղերից աշխատող ենք վերցնում, 5-6 հոգով գալիս են աշխատում, նայած օրը… Քաղածը նախ ջոկում են, մանր ու մեծ անում: էս մանրերն էլ որ հանում ենք մեջից, սրանից էլ յուղ ենք սարքում… Խոշորը վաճառքի բաժինն է:

Ապրանքն իրացնում են Սյունիքի ու Երևանի շուկաներում: Ու չնայած նույնիսկ ամենահասած զեյթունը դառն օձի լեղի է, մինչև չվերամշակեն՝ ուտել հնարավոր չէ… բերքի վաճառքի խնդիր չունեն՝ հպարտանում է այգեգործը:

Կարեն Կարապետյան — Մի անգամ ուտում ա, հետո բանկով զեյթունից չի ուտում..

Զեյթունը մեր գյուղատնտեսությունում մասամբ է նորույթ: Սովետական Հայաստանը՝ Նոյեմբերյանում այգիներ ուներ, պտուղը վերամշակում էր Այրումի պահածոների գործարանը: Հիմա Բագրատաշենում նորից ձիթենյաց դաշտեր կան: Բայց երկրի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում… պտուղը սննդի է վերածվում հիմնականում տնայնագործ ճանապարհով:

Չյուղազերծված, համեղ, կանաչ զեյթունի բաղադրատոմսը՝ տիկին Կարմենից. նախ պետք է այն ծակծկել կամ ջարդել, ապա 20 օր պահել ջրերում:

Կարմեն Մարտիրոսյան — Լցնում ենք սովորական ջուր, ամեն օր փոխում, հետո աղաջրով ես փոխում, համտեսում, ընդամենը դա:

Ի դեպ, համբերություն պետք է ունենա ոչ միայն զեյթուն պահածոյացնողը, այլև՝ ձիթենյաց այգի հիմնողը: Ծառն ապրում, սաղարթ է հավաքում 500 տարուց ավելի, սակայն ուշ է մտնում բերքի տակ՝ գյուղացիներին տեղեկացնում է մեզ համար ոչ ավանդական այգուց գումար վաստակող ֆերմերը:

Կարեն Կարապետյան — Տարի պիտի այգի խնամես, որ հետո բերք տա… թե չէ խի՞ չեմ խորհուրդ տա, չեմ փոշմանել:

Վերջում՝ փոքրիկ գաղտնիք: Զեյթունը 500 սորտ ունի, որից ոչ մեկի պտղամիսը խանութներում վաճառվող սևը չէ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ