Oդուժի ակտիվ տեղաշարժեր Ադրբեջանի և Թուրքիայի միջև և հայ-թուրքական սահմանին

Թուրքական օդուժի (TUAF) օդանավերի՝ Ադրբեջան և հակառակ ուղղությամբ թռիչքները նորություն չեն: Սակայն սկսած սեպտեմբերի 23-ից՝ թուրքական ռազմական օդանավերը սկսել են ավելի հաճախ թռիչքներ իրականացնել դեպի Ադրբեջան:

Սեպտեմբերի 23-ին TUAF517 C-130B «Հերկուլես» օդանավը Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանից:

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի Airbus A400M-180 օդանավերը նվազագույնը չորս թռիչք են իրականացրել դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: Առաջին օդանավը առավոտյան վայրէջք է կատարել Բաքվում, օրվա երկրորդ կեսին վերադարձել է Թուրքիա և վայրէջք կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում: Սրան զուգահեռ, մեկ այլ օդանավ վայրէջք է կատարել Ադրբեջանի Գյանջայի օդակայանում։ Բորտը Թեքիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է բարձրացել։ Նույն օրը երեկոյան օդանավը վերադարձել է Թուրքիա:

Մյուս A400M-180 օդանավը՝ 17-0078 հաշվառման համարով, վայրէջք է կատարել Ադրբեջանի Եվլախի օդանավակայանում, իսկ երեկոյան հետ վերադարձել Կայսերիի օդանավակայան: Այստեղ տեղակայված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության բազան։ Նույն օրը մեկնած չորրորդ օդանավը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում, երեկոյան վերադարձել կրկին Կայսերի քաղաք:

Ադրբեջանական օդանավերի տեղաշարժը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Իլյուշին-76» (Իլ-76) ինքնաթիռը սեպտեմբերի 24-ին Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղի Չորլու ռազմական օդակայանից ուղևորվել է Ադրբեջան, ապա վերադարձել Թուրքիա և հետո մեկնել Իսրայելի Էլիաթ քաղաք, հետո վերադարձել Ադրբեջան: Սեպտեմբերի 25-ին ինքնաթիռը Ադրբեջանից մեկնել է Ուկրաինա։

Կրկին սեպտեմբերի 24-ին Ադրբեջանից Թուրքիա, ապա դեպի Իսրայել, այնուհետև հակառակ ուղղությամբ չվերթներ է իրականացրել նաև Silk Way West ընկերության IL-76TD-90VD, 4K-AZ101 հաշվառման համարով տրանսպորտային ինքնաթիռը։ Նույն ավիաընկերության բեռնատար ուղղաթիռներից մեկը (4Kaz115 հաշվառման համար) մի քանի թռիչք է իրականացրել դեպի Կասպից ծով։ Ուղղաթիռի հետագիծն ավարտվում է ծովում. այն, հավանաբար, փոխադրում է իրականացնում դեպի ռազմանավեր։ Silk Way West-ը ադրբեջանական մասնավոր փոխադրող է, որի բեռնատար ինքնաթիռները, սակայն, ռազմական տեխնիկա փոխադրելու թույլտվություն ունեն։

Այսպիսով, վերջին օրերին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի՝ հատկապես Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հաճախակիորեն թռիչքներ են իրականացնում երկու երկրների միջև։ Ամենայն հավանականությամբ, այս թռիչքների միջոցով ռազմական տեխնիկա է մատակարարվում Ադրբեջան։ Սրա մասին են խոսում նաև Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել թռիչքները, քանի որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարը։

աղբյուրը՝ FIP.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ