Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում

Ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով մեկնարկել է Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմի նոր փուլը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս նշել էր շփման գծում հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին՝ որակելով դա Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Սա հակառակորդի կողմից սեփական սադրիչ գործողություններն արդարացնելու միջոց է։ Ուսումնասիրելով վերջին օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունները՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ամենից շատ շրջանառված թեզերը։

Ալիևի հայտարարությունն ու տեղեկատվական արշավի մեկնարկը
Պետք է նշել, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը սկսեց ակտիվանալ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցից հետո, երբ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով տարբեր սադրանքներ իրականացնելու համար։ Հիշյալ հայտարարությունից 2 օր անց` սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց հայ֊ադրբեջանական սահմանին զոհված զինծառայող Մամմադով Էլշան Ալի օղլուի մասին՝ նշելով, որ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։ Այս լուրը ադրբեջանական լրատվականներում տարածվեց աննախադեպ արագությամբ՝ նկատի ունենալով, որ սովորաբար կորուստների մասին հակառակորդը լռում է։

Հայաստանի ՊՆ-ն հերքեց հակառակորդի պնդումը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմը սպանված զինծառայողի մասին տեղեկություն չունի։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք»,- հայտնել էր մամուլի խոսնակը։

Քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ թեզը
Ադրբեջանական կողմից պարբերաբար շրջանառվող հաջորդ ապատեղեկատվությունը իբրև Արցախում տեղակայված քուրդ զինյալների մասին է, որը վերջին օրերին վերարտադրվում էր նոր թափով և ձևակերպումներով։ Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Սակայն վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրում էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։

Նշենք, որ տեղեկատվությունը դեռևս սեպտեմբերի 9-ին հերքել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ «… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- շեշտել էր Պողոսյանը։

Այս տեղեկությունները հայաստանյան կողմը՝ ի դեմ Գաբրիել Բալայանի, ևս հերքել է։

Կեղծ լուրեր՝ հայկական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին
Սեպտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր Շամքոր քաղաքից արված տեսագրություն, որում իբրև թե պատկերված էր հայկական ԱԹՍ-ի խոցումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ