«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները

Դեռևս նախորդ տարվանից լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը Երևանի աղբահանության միակ օպերատորն էր և որի հետ քաղաքապետարանը խզել էր պայմանագիրը, որոշել է վաճառել շարժական գույքը: Գնորդ, սակայն, առայժմ չկա: Armtimes.com-ը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին հրավիրված շարժական գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:

2014 թվականից մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը, երբ նախորդ տարի սկսեց օրերով քաղաքի աղբը չմաքրել, հայտարարում էր, որ սնանկացման եզրին են: Պատճառը, ըստ «Սանիթեքի», Երևանի քաղաքապետարանի տուգանքներն ու Պետական եկամուտների կոմիտեի ճնշումներն են։ Նկատենք, որ ընկերության՝ առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ կա հարուցված։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Սանիթեքը» չի վճարել կես միլիարդ դրամ հարկ։

ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մասնավորապես աճուրդի են հանվել աղբատար մեքենաներ, որոնց աշխատանքային վիճակը ստուգված չէ, իսկ տեխնիկական վիճակն արտաքինից բարվոք է: Վաճառքի են հանվել նաեւ տարբեր տարողությամբ պիտանելիության երաշխիք չունեցող աղբի կոնտեյներներ:

«Սանիթեքի» գույքի հաջորդ աճուրդ-վաճառքի օրը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Գույքի գինը նախորդ աճուրդի մեկնարկայինից 10 տոկոսով նվազեցվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ