Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ մասամբ վիճարկելով նրա հրամաններից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Զոհրաբյանը դիմել է Վարչական դատարան վիճարկելու քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրելու պարտավորությունը։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 23-ին եւ մակագրվել Վարչական դատարանի 5 դատավորի. նախագահող դատավորն է Սամվել Հովակիմյանը։

ՓՊ նախագահը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պետական մարմիններն ունեն մանդատ առողջապահական նկատառումներից ելնելով որոշակի սահմանափակումներ սահմանելու, բայց այն պետք է օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին համապատասխանի, մասնավորապես՝ համաչափության եւ որոշակիության սկզբունքներին։

Զոհրաբյանը կարծում է, որ հանրային բաց տարածքում գտնվելու առումով այդ համաչափության սկզբունքը չի համապատասխանում։

«Տեսեք այսօր նույն կանոնների համաձայն թույլ է տրվում, որ մարդիկ սրճարանում առանց դիմակի միմյանց մոտ նստեն, սնվեն, շփվեն։ Մարդը, եթե միայնակ բակում կամ փողոցում է գտնվում բնականաբար նա չի կարող որեւէ մեկին վարակել կամ վարակվելու ռիսկ ունենալ։ Միակ պատճառն այն է, որ իր կողքով կարող է մեկն անցնել, այդ 1.5 մետր հեռավորությունը չպահպանել ու վարակման ռիսկ լինի, ես կարծում եմ, որ դա բավարար պատճառ չէ, որպեսզի այդ պատրվակով սահմափակվի մարդու մաքուր օդ շնչելը»,- ասաց նա։

ՓՊ նախագահի խոսքով՝ նույն հաջողությամբ հեծանվորդները կարող են առանց դիմակի միմյանց կողքով վարել ու նույն ռիսկն այդտեղ էլ կա։ Նրա կարծիքով՝ որքան մարդը կարողանա լիարժեք շնչել՝ այդքան իր իմունային համակարգն ավելի ուժեղ կլինի։

Հարցին՝ ի՞նչ է կարծում արդյոք այս վիճարկումը որեւէ բան կարող է փոխել՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը ներկա իրավիճակից ելնելով է կայացվել, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես հենց իրավիճակից ելնելով ամբողջ հրամանը վիճարկելու պահանջ չեմ ներկայացրել։ Ընդամենը վիճարկել եմ 1 մասով, երբ անձը բացօթյա տարածքներում միայնակ է կամ ընտանիքի անդամների հետ։ Պետությունը կարող է սահմանափակել մարդու իրավունքը, բայց այդ սահմանափակման եւ միջոցի միջեւ պետք է լինի համարժեքությունը, այս դեպքում դա խախտված է»։

Թեմայի վերաբերյալ Առողջապահության նախարարության լրատվականից ՀԺ-ին հայտնեցին. «Հարկ է նշել, որ Արա Զոհրաբյանը ոչ թե Արսեն Թորոսյանին է դատի տվել, այլ վարչական դատարանով վիճարկում է առողջապահության նախարարի հրամանը: Բացի այդ, մեզ համար շատ զարմանալի է, որ փաստաբանները զբաղվում են իրենց մասնագիտական շրջանակներից դուրս հարցերով և նրանց թվում է, թե ավելի լավ են հասկանում թե որ մեթոդն է ավելի շատ պաշտպանում քաղաքացիներին հիվանդությունից և որ մեթոդը`ոչ: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նման քայլերով`վտանգելով բնակչության առողջությունը, նրանք փաստացի հայտնվում են «ինչքան շատ վարակակիր, այնքան լավ» գաղափարով առաջնորդվող եւ նման մտքի ջատագով անձանց շարքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ