Կորոնավիրուսով վարակված երկու մանկավարժ տեղափոխվել է Երևան․ դպրոցն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման

Ախուրյանի թիվ 2 դպրոցը փակ է։ Կորոնավիրուս է հաստատվել մանկավարժների 30 տոկոսի մոտ։ Նախկին 3 մանկավարժին արդեն 7-ն է ավելացել։ Վարակվածների թիվը հասել է 10-ի։ Ուսուցիչներից երկուսն այսօր տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժումը շարունակելու համար։ 8-ի մոտ հիվանդության անախտանիշ ընթացք է։ «Երևան տեղափոխվածների մասին չէի ասի, որ շատ ծանր էր վիճակները, բայց թոքաբորբի ախտանիշերով են տեղափոխել նրանց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը։ Դասերը, սակայն, դադարեցված չեն։ Դպրոցն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ախուրյանի այս դպրոցում կորոնավիրուս էր հաստատվել ընդամենը 3 ուսուցչի մոտ: Նրանց շփման շրջանակից 15 ուսուցիչ և 157 աշակերտ էր մեկուսացվել: Ըստ Ախուրյանի համայնքապետի՝ ուսուցիչների շփման շրջանակից մեկուսացված են և՛ աշակերտները, և՛ նրանց ընտանիքները։ Հնարավոր ամեն ինչ արվում է շփումները սահմանափակելու համար։ Գյուղում խուճապ չկա, մեկուսացված երեխաներն իրենց լավ են զգում։

Այս պահին որևէ մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանիշեր չկան։ Վարակի օջախը Իգիթյանն ասում է՝ հնարավոր չէ հստակեցնել։ Հայտնի է միայն, որ այն մանկավարժները, որոնց մոտ վարակը հաստատվել է, միայն թիվ 2 դպրոցում են դասավանդել, Ախուրյանի այլ դպրոցներում դասաժամեր չեն ունեցել։

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ անկախ այս պատկերից, անհանգստանալու խնդիր չկա։ Մարզի գյուղական այլ համայնքների դպրոցներում վարակման դեպքեր չկան։ Թեստավորման արդյունքում Գյումրիից ստացված տվյալներն էլ փոքր են՝ մեկ ուսուցիչ կամ ոչ մի։ Հրայր Կարապետյանն ասում է՝ եթե վարակված ուսուցիչը դասղեկ է, ապա մեկուսացվում է ամբողջ դասարանը։ Նրանք մնում են 14-օրյա մեկուսացման մեջ։ Դպրոցում դասերը շարունակվում են։ Իսկ եթե դասղեկ չէ, այլ առարկայական ուսուցիչ և գործ է ունեցել գրեթե բոլոր դասարանների աշակերտների հետ, այս պարագայում ինչպե՞ս է կազմակերպվում մեկուսացումն ու ի՞նչ ցուցում է տրվում։

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց՝ բնականաբար, բոլորին չեն մեկուսացնում։ Ճշտվում է սերտ շփման շրջանակը, ու անհրաժեշտության դեպքում միայն մասնագետների որոշմամբ կազմակերպվում է այդ աշխատանքը։ Ըստ Կարապետյանի՝ դրական ցուցանիշ ունեն դպրոցներում բացակայությունների փոքր թվերի մասով։ Աշակերտները հիմնականում դասերը բաց չեն թողնում։

«Ինչ-որ սպասում էինք, բացարձակապես այլ պատկեր ունեցանք: Սպասում էինք շատ ավելի լուրջ խնդիրների, սակայն բացակայությունները չնչին են։ 95 տոկոս ներկայությունն ապահովել ենք»,- ընդգծեց Կարապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ