Ֆրանսիայի հայ համայնքի նախաձեռնությամբ թուրք ազգայնականները հայտնվել են դատարանում

«Թող Թուրքիայի կառավարությունը ինձ երկու հազար եվրո տա, և ես կանեմ այն ամենը, ինչ հարկավոր է անել, Ֆրանսիայի ցանկացած վայրում»։ Այս խոսքերի հեղինակը օրեր առաջ Ֆրանսիայի դատարանի առաջ կանգնած թուրք ծայրահեղական Ահմեթ Չեթինն է: Նա նման հայտարարություն էր արել մեկուկես րոպեանոց ինստագրամյան առցանց ուղիղ ելույթի ժամանակ:

Ֆրանսիայի շատ քաղաքների նման Դեսին Շաղպիո քաղաքում ֆրանսաբնակ հարյուրավոր ցուցարարներ հուլիսի 24-ին մասնակցեցին Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ակցիային՝ ընդդեմ Հայաստանի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի։

Խաղաղ ցույցն այլ ընթացք ստացավ, երբ շուտով այնտեղ եկան թուրքական դրոշներով, մետաղական ձողերով զինված մի խումբ թուրք երիտասարդներ և հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Չեթինը որպես հիմնական հրահրող ձերբակալվեց։ Նա մեղադրվում է հայերի դեմ ատելություն հրահրելու համար։ Թուրք ազգայնականների գործողություններն ու հայտարարությունները մեծ արձագանք ունեցան ոչ միայն հայ համայնքի, այլև Ֆրանիական մամուլի և Ֆրանսիայի քաղաքական էլիտայի շրջանում:

Մուրադ Փափազյան (Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի համանախագահ)
— Ահմեդ Չեթինը, որ իսկապես շատ վտանգավոր, վայրենի լծակ է էրդողանի, շատ վտանգավոր խոսքեր արտահայտեց, և Հայ դատի հանձնախումբը որոշեց դատի կանչել իրեն և փաստաբան առավ, և արդեն արդարադատությունը ընթացքի մեջ է։

Երբ 23-ամյա Չեթինին ձերբակալեցին և սկսեցին հարցաքննել, նա շտապեց ջնջել իր հայտարարությունը և Instagram-ի իր անձնական էջը: Թուրք ազգայնականը դատարանում փորձեց ամեն կերպ ժխտել, որ «Գորշ գայլերի» կողմնակիցն է, և ավելացրեց, որ հայերի վրա հարձակվելու կոչ երբեք չի արել։ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբի նախագահ Ժյուլ Բոմադջյանը, որ ներկա է եղել դատական առաջին նիստին, ասում է՝ պայմանականորեն բաց թողնված Չեթինի վերաբերմունքը և դիրքորոշումը հայերի հանդեպ ակնբախ դարձավ, երբ նրան փաստաբանը հարցրեց Հայոց ցեղասպանության մասին:

Ժյուլ Բոյադջյան — Չեթինի իրական դեմքը պարզ դարձավ, երբ մեր փաստաբանը՝ Շառլ Կոնսինին, Չեթինին հարցրեց՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, որին ի պատասխան Չեթինն ասաց, որ նա պատմաբան չէ: Փաստաբանը կրկին հարցրեց՝ ասելով, որ այդպես էլ չի հասկացել՝ Չեթինը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, Չեթինը նյարդային պատասխան տվեց՝ ասելով, որ արդեն հարցին պատասխանել է:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչի խոսքով՝ Ահմեդ Չեթինը պարզապես Ֆրանսիայում բնակվող թուրք չէ, նա թուրքական «Կոժեբ» ընկերակցության առաջնորդն է։ Ընկերակցությունը զբաղվում է Էրդողանի նախագծերի և վարչակարգի շուրջ թուրք երիտասարդների ներգրավմամբ: Մեղադրող կողմը Չեթինին երկու մեղադրանք է առաջադրել՝ առաջինը, որ նա հայերի դեմ ատելություն է հրահրել, և երկրորդ մեղադրանքը, որ խաղաղ ցույցին զինված է մասնակցել, ինչը Ֆրանսիայում դատապարտելի է։ Հայ գործիչը հույս հայտնեց, որ երկրորդ դիմումը ևս կբավարարվի:

«Ահմեդ Չեթինը և գորշ գայլերի ոհմակը պետք է կրեն իրենց պատիժը»,- եզրափակեց խոսքը Ժյուլ Բոմադջյանը։

Հայկական կողմն անակնկալի է եղել, երբ տեսել է, թե ֆրանսիական ինչ հեղինակավոր լրատվական ընկերություններ էին ներկա: Լը Պաղիզյենը երկու հոդված է հրատարակել, երկու հոդված է թողարկել նաև Լը Մոնդը, ինչպես նաև տասնյակ այլ լրատվամիջոցներ:

Ահմեդ Չեթինի մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 6 ամսվա ազատազրկում, 5 տարի ընտրվելու իրավունքից զրկելու և 2․000 եվրո վճարելու պահանջ։

Դատավճիռը կայացվելու է նոյեմբերի 5-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ