Տեր Կիրակոս քահանան դուրս է եկել կոմայից. մյուս տուժողի համար Վիրահայոց թեմը մեքենա է գնելու

Վիրահայոց թեմի հոգեւոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, որն ավտովթարի էր ենթարկվել, դուրս է եկել կոմայից:

«Գիտակցության մեջ է, լսում է, աչքերով պատասխանում եւ արձագանքում է»,- մեր հարցին պատասխանեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա հայտնեց, որ Կիրակոս քահանա Սիմոնյանը Թբիլիսիում է, եւ ավելի մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ տվեց դիմել վիրահայոց թեմի առաջնորդարան:

Տեր Կիրակոսը, հիշեցնենք, մարմնական լուրջ վնասվածքներ ունի եւ մեծ քանակությամբ արյուն էր կորցրել: Վիրահայությունը, լուրն առնելով, քահանային օգնելու, առաջին կարգի բացասական արյուն հանձնելու եւ դրամահավաքի կոչեր էր անում սոցցանցերում: Սակայն վիրահայոց թեմի առաջնորդարանը սեպտեմբերի 8-ին՝ վթարից մոտ մեկ շաբաթ անց տեղեկացրեց, որ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի ապաքինումն ընթանում է Վրաստանի եւ ՀՀ պատկան մարմինների աջակցությամբ ու թեմի հոգածությամբ: Նաեւ խնդրեց չհավատալ դրամահավաքի կոչերին: «Նման անհրաժեշտության դեպքում սպասեք վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությանը, իսկ մինչ այդ մնացեք ձեռնպահ»,- հրահանգում էր թեմը:

Տեր Կիրակոս քահանայի հետ մեկտեղ այլ տուժող էլ կա: Այն ավտոմեքենայով, որին բախվել է Տեր Կիրակոսի մեքենան, ընտանիքի 4 անդամներ են երթեւեկելիս եղել, որոնցից երկուսն անչափահասներ են: Վթարի արդյունքում տուժել է երեխաների մայրը: Ի՞նչ վիճակում են վիրավորները, ո՞վ է հոգում նրանց բուժման ծախսերը․ հարցերն ուղղեցինք վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին: «Կնոջ ուսը կոտրվել է: Նա երթեւեկել է կապված ամրագոտիով: Ուժգին հարվածից առաջ է գնացել մարմնով եւ ուսը վնասել է: Արդեն վիրահատել են:

Մենք նրանց հետ ամենօրյա կապի մեջ ենք, օգնել ենք նրանց, որ նրանք էլ խնդիրներ չունենան: Երեխաները, փառք Աստծո, չեն տուժել»,- ասաց Հայր սուրբը: Հայտնեց նաեւ, որ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի վիճակը բավականին լավացել է: «Նա մտնում է կոնտակտի մեջ: Դեռ չի խոսում, բայց ձեռքերով, աչքերով բացատրում է, որ հասկանում է իրեն ուղղված խոսքը:

Հիմա արդեն ժամանակ առ ժամանակ օրվա մեջ անջատում են շնչառության սարքը: Նա ինքնուրույն կարողանում է շնչել: Օրական ավելացնում են անջատման ժամանակը եւ, հավանաբար, մի քանի օրից ընդհանրապես կանջատեն սարքն ու զոնդերը կհանեն: Նա ինքնուրույն կսկսի կուլ տալ»:
Ո՞վ է հոգում վթարից տուժածների ծախսերը, օգնում ֆինանսապես, Վրաստանի կառավարությո՞ւնը: «Ոչ: Վրաստանի քաղաքացիները բոլորն էլ ունեն բժշկական ապահովագրություն, բայց ոչ ամբողջական,- նշեց թեմի առաջնորդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ