Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով հայտնի հոդվածին, որում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։
Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:
Նա վստահեցրեց` արդեն իսկ ԱԱԾ–ն հետազոտում է այնտեղ նշված տեղեկությունները, սակայն այս պահին դրանց առնչությամբ մանրամասներ հայտնել չի կարող։
Պատասխանելով մեր այլ հարցի, թե շատերի խոսքով` ՀՀ ԱԱԾ–ն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կցորդն ասես լինի, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ այդ տպավորությունը չլինի, Քյարամյանը պատասխանեց` Հայաստանի ԱԱԾ–ն միտված է առաջին հերթին սպասարկելու հայ ժողովրդի շահերը։
Նրա խոսքով` ՀՀ ԱԱԾ–ի հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ շատ լավ են, ինչպես նաև այլ երկրների մեր գործընկերների հետ։ Քյարամյանը նշեց, որ շատ բարձր են գնահատում հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած շփումները։