Դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը շարունակվում է:Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի SHANTNEWS․am-ին տրամադրած տվյալներով,մարզի հանրակրթական դպրոցների 5800 աշխատակիցներից այսօրվա դրությամբ թեստավորվել էն 2023-ը,նրանցից դրական թեստերի պատասխան է ստացվել 28-ի մոտ:Դրական թեստով ուսուցիչներից 3-ը եղել են Ախուրյանի թիվ 2 դպրոցից:
«Ախուրյանի թիվ 2 դպրոցի աշխատակիցների թեստավորումը կատարվել էր ուրբաթ օրը,պատասխանները ստանալուց հետո,պարզվել է,որ նրանցից 3-ի մոտ թեստերի արդյունքները եղել են դրական:Մարզի համաճարակաբանները ճշտել են դպրոցում ուսուցիչների շփման շրջանակները և որոշում է կայացվել 3 ուսուցիչներից բացի մեկուսացնել նաև 157 աշակերտների»,— տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը ։
Իսկ մարզպետարանի կրթության ու մշակույթի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ SHANTNEWS․am-ին հայտնեց ,որ դպրոցներում վիճակը վերահսկելի է և խուճապի մատնվելու կարիք չկա:
«Մեկուսացումների ցուցում աշակերտներին տրվել է հետագա բարդություններից խուսափելու համար:Ախուրյանի թիվ 2 դպրոցում 8 դասարաններում դադարեցվել է առկա ուսուցման գործընթացը և որոշում է կայացվել անցնել հեռավար կրթության՝մյուս ուսուցիչների և աշակերտների հետ շփումը բացառելու համար:157 աշակերտները չեն թեստավորվել,մասնագետները դրա անհրաժեշտությունը այս պահին չտեսան,վիրուսին բնորոշ ախտանշաններ որևէ աշակերտ չուներ»,- տեղեկացրեց Հրայր Կարապետյանը:
Թեստի պատասխանները դրական են եղել նաև ՇՊՀ ավագ դպրոցի ուսուցիչներից մեկի մոտ:Նա ավագ դպրոցի դասղեկ է,իր դասղեկական դասարանի 29 աշակերտները ևս մեկուսացման ցուցում են ստացել:
«Ես այսօր եղել եմ մեր համալսարանի ենթակայությամբ գործող ավագ դպրոցում:Դրական թեստի պատասխանով մանկավարժը 10-րդ դասարանի դասվարն է, դասարանի 29 աշակերտները մեկուսացվել են:Ծնողների հետ տնօրինությունն ու համաճարակաբանները խոսել են,ոչ մի երեխայի մոտ ինքնազգացողության փոփոխություն չի եղել:Քննարկեցինք,որ այդ դասարանի դասապռոցեսը անցկացնենք հեռավար,բայց կլինի երկրորդ հերթով,որպեսզի դասավանդող ուսուցիչները դպրոցում առկա դասերն ավարտեն ՝նոր մասնակցեն հեռավար դասապրոցեսին»,-SHANTNEWS․am-ին փոխանցեց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:
Ախուրյանի թիվ 2 և ՇՊՀ ավագ դպրոցների ուսուցիչները և աշակերտները մեկուսացված կմնան 14 օր,որից հետո կվերադառնան առկա ուսուցման պրոցեսին: