Հատուկ մրցանակը՝ բուժաշխատողներին

«Զվարթնոց» տաճարում ընթացող «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության առաջին հատուկ մրցանակը տրվեց կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարող բուժաշխատողներին: Մրցանակը ստանալու համար բեմ հրավիրվեց COVID 19 կենտրոնի ղեկավար Սարգիս Ղազարյանը:

Հատուկ մրցանակը կլինի հանրապետության բոլոր 20 կենտրոններում և յուրաքանչյուրիս անունից կհիշեցնի. «Հարգելի բուժաշխատողներ, Դուք մեր ժամանակների հերոսներն եք»:

Արդեն երկրորդ տարին է, Անկախության տոնը նշվում է քաղաքացու մեծարմամբ: Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակներ կստանան բուժաշխատողները, իսկ տավուշյան հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:

Մրցանակաբաշխությանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:

Հիշեցնենք, որ «Մեր ժամանակի հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրու «Սև բերդ» պատմական ամրոցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը հանձնել էր Ռիտա Մարտիրոսյանին, որը քաղաքից տեղափոխվել Էր գյուղ, ստեղծել է ձեռնարկություն, աշխատանք ու աշխատատեղ։ Զբաղվում էր թեյերի արտադրությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ