Ալեն Սիմոնյանն Արթուր Վանեցյանի՝ հնարավոր «շպիոն» լինելու մասին

Ծանոթ եմ հրապարակմանը։ Կարծում եմ՝ լավ առիթ է, որ քննություն տեղի ունենա և հասկանանք, թե ով է այն անձնավորությունը, որ կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության «շպիոնաժով» զբաղվել։ Այդ մասին այսօր Զվարթնոցի տաճարում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ռուսական «Դոսյե» կենտրոնի՝ Հայաստանում գտնվող գործակալների վերաբերյալ հրապարակման մասին։

Factor.am-ը Սիմոնյանից հետաքրքրվեց՝ վարչապետը, երբ գործուղման էր, խոսեց Հայաստանի դեմ լրտեսության մասին, ամիսներ անցան, որևէ բացահայտում, հրապարակում չեղավ. դա իր համար տարօրինակ չէ՞ր. Սիմոնյանն ասաց. «Ոչ, որովհետև նման գործակալական անձինք, համակարգեր գործում են տարիներով, ձևավորվում են ամիսներով, և ամեն օր մենք մի նոր բան ենք իմանում: Ցավալի է, բնական է, բայց հետևություններ պետք է անենք և անցնենք առաջ»:

Դիտարկմանը, թե գործակալ լինելու հարցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն է շոշափվում նաև, և Սիմոնյանը, լինելով նրա ընկերը, կասկածներ ունեցե՞լ է այդ հարցում, նա պատասխանեց. «Հանրության վերաբերմունքը պետք է լինի միանշանակ շպիոնների նկատմամբ, որոնք ՀՀ-ի դեմ են աշխատում: Այլ վերաբերմունք չի կարող լինել»:

Հարցին՝ Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր «շպիոն» լինել՝ Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ: Եկեք անընդհատ մատնացույց չանենք: Ես բազմաթիվ մարդկանց եմ երաշխավորել: Դուք էլ Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ մարդկանց եք երաշխավորել և բազմաթիվ մարդկանց հետ դադարեցնում եք Ձեր շփումը: Մարդը պետք է ապացուցի իր՝ հեղափոխության հետ կապված հավատարմությունը»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ